Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Նալբանդյան. ՆԱՏՕ-ն ընդհանրապես չի զբաղվում Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորմամբ

Նալբանդյան. ՆԱՏՕ-ն ընդհանրապես չի զբաղվում Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորմամբ
10.07.2016 | 00:51

ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը Վարշավայում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակներում ճեպազրույց է ունեցել լրագրողների հետ, անդրադարձել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցերին։ Նա նշել է, որ «այս գագաթնաժողովը տարբեր հանդիպումների լավ առիթ է։ «ՀՀ նախագահը կարևոր հանդիպումներ ունեցավ: Քիչ առաջ հանդիպում կայացավ Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի հետ։ Երեկ երեկոյան՝ պետքարտուղար Քերիի հետ: Երկկողմ հարաբերությունների, բազմաթիվ այլ հարցերի շարքում քննարկվեցին նաև Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորմանը վերաբերող հարցեր։ Առաջին հերթին դա վերաբերում էր այն պայմանավորվածություններին, որոնք ձեռք են բերվել Վիեննայում և վերահաստատվել Սանկտ Պետերբուրգում։ Այդ պայմանավորվածությունները եթե իրականացվեն, համապատասխան պայմաններ կստեղծվեն, ինչպես մենք բազմիցս ասել ենք, խաղաղ գործընթացն առաջ մղելու համար»,- ասել է նա:


«Եվ գլխավոր թեման հենց սա էր։ Խոսքը, գիտեք, հետաքննության մեխանիզմի ստեղծման մասին է։ Եռանախագահող երկրները ներկայացրել են կոնկրետ առաջարկներ։ Չնայած Ադրբեջանը ձևացնում է, թե չգիտի ինչի մասին է խոսքը, բայց եռանախագահող երկրները բավական մանրամասն առաջարկներ են ներկայացրել, և Հայաստանը արձագանքել է և տվել է իր, ընդհանուր առմամբ, դրական կարծիքը այս մեխանիզմի ստեղծման առնչությամբ»,- ավելացրել է Էդվարդ Նալբանդյանը։
Նա նշել է, որ առաջին անգամ չէ, տարիներ շարունակ է այս նախաձեռնությունը քննարկվում, դա եռանախագահող երկրների նախաձեռնությունն էր։ «Դեռ 2011, 2012 թթ. Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի նախագահների` Սոչիում կայացած գագաթնաժողովների արդյունքում հրապարակվեցին համապատասխան հայտարարություններ, որոնցում հստակ նշվում էր այս մեխանիզմի ստեղծման անհրաժեշտության մասին, բայց ամեն անգամ Ադրբեջանը հետքայլ էր կատարում: Այս անգամ ևս Վիեննայից և Սանկտ Պետերբուրգից հետո Ադրբեջանը փորձեր է կատարում հետ կանգնել այդ պայմանավորվածություններից` ձևացնելով, թե այդպիսի պայմանավորվածություն ընդհանրապես ձեռք չի բերվել։ Չնայած եռանախագահող երկրները Վիեննայի գագաթնաժողովի արդյունքում հրապարակած իրենց հայտարարության մեջ հստակ ասում էին, որ նախագահները պայմանավորվել են այդպիսի մեխանիզմի ստեղծման մասին: Երկրորդը վերաբերում է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի թիմի հնարավորությունների ընդլայնմանը և թվաքանակի ավելացմանը: Նույն պատմությունն է. չնայած Վիեննայից և Սանկտ Պետերբուրգից բավական ժամանակ է անցել, բայց Ադրբեջանը ամեն կերպ խոչընդոտում է նաև այս պայմանավորվածության իրագործմանը: Սրան էին վերաբերում հիմնական քննարկումները: Նաև սրա մասին էինք խոսում եռանախագահների հետ։ Վարշավայում երեկ ես նաև հանդիպում ունեցա եռանախագահների հետ։ Իրենք ևս գտնվում էին այստեղ: Մենք կարծում ենք, որ այս պայմանավորվածությունների շուրջ մենք շարունակելու ենք քննարկումները. տեսնենք, թե ինչպես կարելի է իրագործել:


Ամեն դեպքում եռանախագահող երկրները, ԵԱՀԿ գործող նախագահը` Գերմանիայի արտգործնախարարը, բավական հաստատակամ են: Եվ պարոն Շտայնմայերը, երբ Հայաստանում էր, դրա մասին ասաց, և դրանից առաջ էր նաև հայտարարել՝ դեռ հունվարին իր ելույթում. ԵԱՀԿ նախագահությունը ստանձնելու պահին ինքն աջակցեց այս մեխանիզմի ստեղծմանը: Եվ հիմա էլ հաստատակամ են, որ պայմանավորվածությունները պետք է հարգվեն և պետք է կատարվեն: Հնարավոր չէ հանդիպումից հանդիպում որևէ հարցի շուրջ պայմանավորվել, և կողմերից մեկը հետ քայլ անի, որովհետև դրանով իսկ կորցնում է վստահությունը, որ կարելի է այդ երկրի հետ ընդհանրապես բանակցել և ինչ-որ բանի մասին պայմանավորվել:


Գիտեք, որ ՆԱՏՕ-ն ընդհանրապես չի զբաղվում Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորմամբ: ՆԱՏՕ-ի բարձրաստիճան ներկայացուցիչները բազմիցս ասել են այդ մասին: Եվ այն ձևակերպումները, ես կասեի` ընդհանրական ձևակերպումները, որոնք վերաբերում են հիմնախնդիրների կարգավորմանը, որոնք տեղ են գտնում այս գագաթնաժողովների հայտարարություններում, հռչակագրերում, Ադրբեջանը նորից փորձեր է կատարում ձևացնել, թե դա աջակցություն է իր մոտեցումներին: Իհարկե այդպես չէ: Բաքուն փորձում է դրանով հիմնավորել իր ռազմատենչ հայտարարությունները, գործողությունները, որոնք հակադրվում են միջազգային հանրության մոտեցմանը Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի բացառապես խաղաղ կարգավորման վերաբերյալ: Գիտեք, որ Միացյալ Նահանգները, Ֆրանսիան` երկու եռանախագահող երկրները Հյուսիս-ատլանտյան դաշինքի մաս են կազմում, և, Ռուսաստանի հետ համատեղ, Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորմանը վերաբող հինգ հայտարարություններում, հստակ արտահայտվել են այն սկզբունքների, այն տարրերի վերաբերյալ, որոնք հիմք պետք է հանդիսանան հիմնախնդրի կարգավորման համար:

Հենց այս հայտարարություններն է փորձում անտեսել Ադրբեջանը և ամեն կերպ խոչընդոտում է որևէ հղում կատարելու անգամ այս հայտարարություններին, որոնք բոլոր այն առաջարկների և հին և նոր գաղափարների հիմք են հանդիսանում` որոշ ինչ-որ ձևակերպումների նյուանսների փոփոխություններով։ Բայց այդ առաջարկների էությունը նույնն է։ Դրանք հիմնված են հենց այն հինգ հայտարարությունների վրա, որոնք արել էին եռանախագահող երկրները: Իսկ Հայաստանը բազմիցս ասել է, որ պատրաստ է համանախագահ երկրների հետ շարունակել ջանքերը` ուղղված Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի բացառապես խաղաղ կարգավորմանը»,- ասել է Էդվարդ Նալբանդյանը։

Դիտվել է՝ 1716

Մեկնաբանություններ